«Իմ ոգեշնչման աղբյուր…» Անի Արղության


Վերջերս Անիի գրառումները վերլուծելը վերածվել է հոբբիի։ Երբ ինչ-որ բան քեզ դուր է գալիս ու այն շարունակական է, դու սկսում ես կախվել դրանցից ու անընդհատ նորություններ ես փնտրում։ Այսպիսի մի կախվածություն է սկսվել ինձ մոտ․․․

Ընդհանրապես միշտ մարդկանց մասին կարծիքներս գրում եմ օրագրիս դատարկ էջերում, որովհետև վստահություն չեմ գտնում մարդկանց դիմաց կանգնելու ու նրանց փայլող աչքերին  նայելով խոսելու համար։ Անի․․․ Քո բնավորությունը նման է իմ բնավորության այն կողմին, որը ցավոք միշտ թաքնվում է։ Դու վստահ ես, դու կարողանում ես կիսվել քո մտքերով, ինչը շատ ժամանակ գովելի է։

Այս պատմվածքում գրել ես հորդ մասին ու գտել ես այնքան ուժ, որ բացեբաց հրապարակել ես այն։ Շատերը նույնիսկ ուժ չէին գտնի այն որևէ մեկին ցույց տալու համար։ Ինչ վերաբերում է բովանդակությանը՝ ամեն բառ կարդալիս ասես զգայի թե ինչ զգացողություններ են եղել պատմվածքը գրելիս։ Ամեն պահ բացատրվում էր այնքան տարբերվող կերպով, էլ չեմ խոսում, թե ինչքան հուզիչ ու զգայուն էր ամեն բան գրված․․․ Անկեղծ ասած հպարտ եմ, որ իմ ընկերներից մեկը բռնել է հենց այս ուղղին։ Երբ մի օր հանկարծ լսեմ, որ Անի Արղությանը ճանաչվել է հայ լավագույն գրողը, չեմ զարմանա․․․ Ուղղակի կուրախանամ, որ ճանաչել ու ունեցել եմ նման ընկեր․․․

Անի Արղության «Երազկոտը»

Երբեմն մարդիկ չեն հասկանում, թե որտեղ է թաքնված իրենց հոգու դատարկությունը․․․

Հաջողակ գրող դառնալու համար միշտ պիտի խոսես բոլորի սրտից։ Մի քիչ խորհրդավորություն, մի քիչ սեր ու մենակություն․․․ Խնդրեմ ձեր հաջողակ ստեղծագործությունը պատրաստ է։ Չգիտեմ ինչպես, բայց Անին կարծես լսում է մարդկանց մտքերը․․․

Այս աղջնակը, ով կարծես նոր պիտի հասակ առնի ու քայլ անի դեպի նոր կյանքի փուլ, իրականում դա արել  է բավական շուտ։ Չգիտեմ ինչու, մի պահ պատմվածքում տատիկի կերպարի տակ տեսա հենց իրեն՝ Անիին։ Ճանաչելով նրան, պիտի ասեմ, որ ինքն էլ այդպիսի բնավորություն ունի․․․ Ապրում է ուրիշների համար, ու թաքցնում է իր ցավը անկեղծ ժպիտի տակ։ Բարության այդ կերպարը, որը ստացվել էր պատմվածքում իրականում բավական դրական էներգիա էր տալիս։ Կարդում էի ու սպասում, թե երբ կտեսնեմ տատիկի իրական երջանկությունը։ Պիտի խոստովանեմ ընթերցելիս նույնիսկ, սկսել էի ինձ պամտվածքի հերոս զգալ, ասես ապրում եմ նրանց հետ, կամ էլ նայում նրանց վերևից։

Դե չերկարացնեմ․․․ Ինչպես միշտ Անին շարունակում է ոգեշնչել։

Իմ տունը իմ ամրոցն է…

Հենց այս օրերին, երբ մենք ստիպված ենք տանը մնալ, ավելի շատ է գնահատվում ընտանիքը։ Աշխարհում ամենակարևոր բանը ընտանիքն է։ Մենք չենք զգում մենակություն այնքան ժամանակ, որքան մեր կողքին է մեր ընտանիքը։

Ես արմատներով Վայոց Ձորի մարզից եմ, Աղավնաձոր գյուղից։ Այն նախկինում կոչվել է Այնազուր։ Այն գտնվում է միջին լեռնային գոտում և երբևիցե չի գաղթվել։ Հիմա այդ տարածքի բնակիչներին կոչում են Հին Հայեր, քանի որ նրանք ոչ մի անգամ չեն գաղթել ու ոչ մի պատերազմի ժամանակ թուրքերը չեն կարողացել գրավել նրանց տարածքները։ Հայտնի Ճարտարապետ Մոմիկը նույնպես եղել է Այնազուր գյուղից, ով ստեղծել է Վայոց ձորի Աղբերաց վանքը, Նորավանքը և այլն։  Իմ նախնիները ունեին շատ ավանդույթներ։ Օրինակ հիմնական աշխատանքների մեջ ներգրավված պետք է լիներ ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ մեծից փոքր։ Ընտանիքի ներքին կարգ ու կանոնն ու աշխատանքները կարավառում էր ընտանիքի մեծ մայրը։  Եկեղեցական բոլոր տոները նշվել են ընտանիքներով ու մեծ շուքով։ Այդ ավանդույթը անցել է դարերով ու հասել մեզ։ Մինչև հիմա բոլոր եկեղեցական տոները մեր ընտանիքում անպայման նշվում են։

Մեր ընտանիքի մեծերից ես լավ եմ հիշում իմ՝ մայրիկի տատիկին։ Իմ մանկության բոլոր հիշողություններում նա ներկա է եղել։ Նրանից ամենամեծ բանը, որ կարող էիր ստանալ, դա բարությունն էր։ Նա միշտ ուրախությամբ ու ջերմությամբ էր լցնում իր տունը՝ չնայած ապրում էր միայնակ։ Նա արդեն մահացել է ու հիմա նրան հիշելիս ես ոչ թե տխրում, այլ երջանկանում եմ որ ունեցել եմ նման հարազատ։

Իմ ընտանիքը հիմա ունի 4 անդամ։ Հատկապես տխուր օրերին մենք միշտ փորձում ենք ուրախությամբ լցնել մեր տունը։ Մենք միշտ օգնում ենք իրար ու հետ պահում սխալներից։

Ինձ համար իդեալական ընտանիքը իմ ընտանիքն է։

Это слайд-шоу требует JavaScript.

Ես ինքնակթրվում եմ

Անցյալ շաբաթ ընկեր Մարալից նամակ ստացա` անհատական ուսպլանը լրացնելու վերաբերյալ։ Այն ենթադրում էր, որ պետք է պատմեի նաև իմ ինքնակրթության մասին: Ես որոշեցի պատրաստել տեսանյութ և պատմել իմ ինքնակրթության մասին։

Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ․․․

Այս կյանքի փորձություններով անցած․․․ Նրա ցավը ու տանջանքը տեսած, մարդ եմ ես հասարակ․․․ Մա՞րդ․․․ Մի՞թե այստեղ մարդ է մնացել․․․

Ես հոգնել եմ․․․ Սառել․․․ Մաշվել ու քրքրվել․․․ Բայց ես չեմ կոտրվել․․․ Ես դեռ ապրում եմ ոու վերականգնում ինձ․․․ Ինչպես էլ լինի մեջս դեռ մի քիչ մարդկություն կլինի․․․ Ու հենց այդ մարդկությունն է, որ ինձ քաշում ու հանում է այն անդունդից, ուր գցել են ինձ․․․ Այդ մարդկությունն է, որ ոչ թե տանում է ինձ դեպի գոյատևում, այլ տանում է դեպի պայծառ կյանք։ Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ․․․

Համբերության հանդես․․․

Մեր ամբողջ կյանքի ընթացքում մենք համբերում ենք․․․ Անընդհատ զիջում ուրիշներին ու մոռանում ինքներս մեզ․․․ Մենք անընդհատ սպասում ենք, համբերում ու վերջում․․․ Վերջում երևի կոտրվում։

Մեր կյանքը դարձել է մի հանդես, որտեղ մենք կարծես երկրորդական դեր ենք կատարում։ Բոլորը խաղում են, հենվում մեր օգնության վրա ու ցատկում մեզանից շա՜տ առաջ, անգամ առանց վերջին անգամ շնորհակալություն ասելու։ Գիտե՞ք, ցանկացած հանդես մի օր վերջանում է․․․ ԻՆչ-որ մի օր․․․ Դուք կնայեք իմ նկարին ու կհիշեք ինձ, որպես մի խեղճի՝ ով բոլորին օգնում էր․․․ Իսկ ե՞ս․․․ Ես կծիծաղեմ ձեզ վրա վերևից նայելով ձեզ ու ձեր ստեղծած խաբկանքին․․․

«Մարդու ոչնչացումը» վերլուծություն

Ուրիշ է, երբ ընթերցում ես անծանոթ գրողի գրքերը և ուրիշ է, երբ ընթերցում ես քո կողքին ապրող՝ ընկերոջդ գիրքը։ Անի Արղության «Մարդու ոչնչացումը»։ Չեմ կարող բնութագրել իմ զգացողությունները, երբ առաջին անգամ լսեցի Անիի գրքի մասին։ Կարող եմ ասել միայն, որ անկեղծ ուրախություն զգացի ու չգիտեմ ինչու կարծես ապագա մեծ գրողի պատկերացրի իմ առաջ։ Դու լսում ես մեկի մտքերը, կարծիքները․․․ Ու մի օր անսպասելի հանդիպում ես նրա գրքի լուսանկարին։ Մինչև գրքի լույս տեսնելը չեմ իմացել սպասվող անակնկալի մասին։ Տեսել եմ միայն ամենավերջում Անիի ֆեյսբուքյան գրառումը՝ իր գրքի լուսանկարով։ Կարող եմ ասել՝  հպարտանում եմ, որ ունեմ այսպիսի ընկերուհի, ով համարձակություն է ունեցել՝ կիսել իր մտքերը մեզ հետ։

Իսկ հիմա գրքի մասին։ «Մարդու ոչնչացումը» գրքում ասես փոքրիկ առանձին գրքեր տեղադրված լինեն՝ տարբեր թեմաներով։ Այստեղ խոսվում է մարդու մտքերի, զգացողությունների ու ամենի մասին ինչ մարդը զգում է ՝ իր ամբողջ կյանքի ընթացքում։ Չեմ հարցրել, թե ինչու հենց «Մարդո ոչնչացում» այլ ոչ թե մեկ այլ հասարակ ու պարզ վերնագիր, ենթադրում եմ, որ իմաստը մեկն է՝ մարդու մտքերը։ Չէ՞, որ հաճախ հենց մեր մտքերն են ոչնչացման տանում մեր անձը։ Այս գիրքը հիմնականում այն մարդկանց համար է, ովքեր չեն հասկանում ինչ է իրենց հետ կատարվում, ինչ զգացողություններ ունեն և այլն։

Իմ սիրելի մասը գրքից՝ մենակության մասին խոսվող մասն է։ Չնայած գիրքը ընթերցել եմ մոտ մեկ ամիս առաջ մեջս դեռ ֆիքսված են այնտեղ գրված խոսքերը։ «Մարդիկ այնքան են տարվում շրջակա միջավայրով, որ մոռանում են մենակության շքեղությունը»։ Երևի այս մասը ամենահոգեհարազատն էր ինձ, քանի որ ես ինքս իմ մեծ շրջապատում ինձ կորցնում եմ ու ինձ մենակությունն է սկսում ձգել։ Հենց մենակությունն է մարդուն օգնում իր մտքերը կարգի բերել։

Դեռ երկա՜ր կարող եմ գրել այս գրքի ցանկացած գլխի մասին, սակայն ուզում եմ եզրափակել մտքերս։ Անիին մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ցանականում եմ, որ երբեք չհանձնվի ու նույն ոգով շարունակի։

«Մեր ուղեղի տարօրինակությունները» վերլուծություն

Այս գիրքը ընթերցելով ցանկացած մարդ որևէ հատվածում կտեսնի իրեն։ Այն մարդու ուղեղի տարօրինակությունների մասին էր։ Օրինակ՝ դեժավյուի, ֆոբիաների և այլն։ Ես ինձ գտա ֆոբիաների գլխում, երբ խոսվում էր մարդու վախերի ու ֆոբիաների մասին։ Իրականում ես կարծում էի, որ ունեմ տարօրինակ ֆոբիաներ ու վախեր, բայց ընթերցելով այս գրքում գրված օրինակները ես հասկացա, որ դրանք այդքան էլ տարօրինակ չեն։ Իրականում ցանկացած ֆոբիա հաղթահարելի է։ Երբ քեզ օգնում են, որ դու հաղթահարես այն և քայլեր են ձեռնարկում քեզ օգնելու համար, ամեն բան հաղթահարելի է դառնում։

Իմ հիմնական ֆոբիան՝ հիդրոֆոբիան է։ Հիդրոֆոբիան վախն է ջրից։ Շատերը իմանալով սկսում են ծիծաղել ու հարցնել, թե ինչպես եմ ջուր խմում կամ լվացվում։ Իմ ֆոբիան այդքան էլ «զարգացած» չէ։ Ես կարողանում եմ ջրին ձեռք տալ, բայց ծովում, լճում, կամ լողավազանում չեմ լողում, որովհետև վախենում եմ։ Իրականում իմ ֆոբիան սկսվել է փոքր ժամանակ, երբ լճում լողալիս ես սկսել եմ խեղդվել ու գրեթե կորցրել եմ գիտակցությունս։ Ես գիտեմ, որ իմ ֆոբիան հաղթահարելի է, սակայն քայլեր չեմ ձեռնարկում այն հաղթահարելու համար, որովհետև ինչպես ցանկացած ֆոբիա ունեցող մարդ պատրաստ եմ սահմանափակել կյանքս։

«Կյանքի 200 դաս»

Ես ընթերցել եմ բոլոր խորհուրդները, որոնք գրված էին  «Կյանքի 200 դաս»  գրքում։ Ճիշտն ասած բոլորը յուրովի կարևոր էին ու ամեն մեկը ուներ առանձին վերլուծության կարիք, բայց ես ընտրեցի այն խորհուրդը, որը ավելի հոգեհարազատ էր ինձ։

Պահեք օրագիր,որպեսզի հետևեք ձեր առաջընթացին և շարադրեք ձեր իսկ մտքերը:

Մանկուց սիրել եմ օրս գրի առնել թղթի վրա։ Չնայած հիմա կարդում ու ծիծաղում եմ մանկական մտքերիս ու արարքներիս վրա մեկ է ուրախ եմ, որ կարողացել եմ գրել ու պահպանել հիշողություններս։ Վերջերս հին օրագիրս փոխարինեցի նորով ու որոշեցի սկսել «Նոր կյանք» ու գրի առնել հաղթանակներս։ Օրագիրը նման է մարդու, դու կարող ես կիսվել նրա հետ։ Այն տարբերվում է մարդկանցից այնքանով, որ վստահեցնում է քեզ, թե քո գրելուց հետո ինքն իրեն կկողպի ու բացի քեզնից էլ ոչ ոք չի կարդա քո գաղտնիքը։ Շատ մարդիկ այդպես չեն․․․ Մենք չենք նկատում բայց նույնիսկ ամենավստահելի մարդիկ չեն կարող գաղտնիքը իրենց մեջ պահել։ Գալիս է մի պահ, երբ ակամա ուզում ես ինչ-որ մեկին ասել, չնայած գիտես, որ ինչ-որ մի օր, ինչ-որ մեկը քեզ հետ էր կիսվել խնդրելով չբարձրաձայնել։

Օրագիրը օգնում է դառնալ նպատակասլաց և հաղթահարել ալարկոտությունը։ Միայն, որ դու ամեն օր փորձում ես գրի առնել օրդ արդեն ալարկոտության հաղթահարում է։

Կորոնավիրուսային խուճապ

Վերջերս, երբ արդեն շատացել է կորոնավիրուսով հիվնադների քանակը, ինձ շրջապատող մարդկանց մեծ մասը խուճապի են մատնվել։ Իմ կարծիքով խուճապը այսպիսի իրավիճակներում միշտ խանգարում է։

Ընդհանրապես խուճապի մատնվում են այն մարդիկ, ովքեր կասկածում են սեփական անձի և ուժերի վրա։ Եթե մտածենք, ապա մեր կյանքի բոլոր խուճապահար դեպքերը սկսվում են կասկածներից ու անինքնավստահությունից։

Կորոնավիրուսյան այս շրջանում, երբ մարդիկ ամենաշատը ունեն հանգստության կարիք, խուճապը ամեն բան միայն բարդացնում է։ Դու կարող ես պաշտպպանվել կորոնավիրուսից, եթե հետևես բժիշկների խորհուրդներին՝ հետևես հիգիենայիդ, կապ չհաստատես հիվանդ մարդկանց հետ ու հաճախ ջուր խմես։

Շատ եմ լսում, որ տանը մնալը լավ չէ, պետք է ընդհատել արտակարգ իրավիճակը և այլն։ Տանը մնալով մենք ապահովագրում ենք՝ մեր, մեր հարազատների ու ընկերների կյանքը։